Ապոլոնիան հին հունական գաղութային քաղաք էր և նախկին եպիսկոպոսական նստավայր Իլլիրիայում, որը գտնվում էր Աուս գետի (ներկայիս Վյոսա) աջ ափին: Նրա ավերակները գտնվում են Ֆիերի շրջանում, ժամանակակից Ալբանիայում՝ Պոջանի (Պոլինա) գյուղի մոտակայքում:
Ապոլոնիա հնագույն քաղաքը գտնվում է Ալբանիայի հարավ-արևմուտքում, Ֆիեր քաղաքից մոտ 13 մղոն հեռավորության վրա: Հնագիտական պարկի հմայիչ լանդշաֆտը, որը պահպանվել է բացառապես լավ պայմաններում, իրենից ներկայացնում է հուշարձանի և բնության գեղեցիկ համադրություն դեռևս իր կառուցման ժամանակներից՝ զուգակցվելով լուռ և հանգստացնող մթնոլորտով: Ապոլոնիա հիմանդրվեց Էպիդամնոսի (ներկայումս՝ Դուրրես) հիմնադրումից անմիջապես հետո և արագորեն դարձավ Ադրիատիկ ծովի ավազանի ամենահայտնի քաղաքներից մեկը, որը շատ է հիշատակվել անտիկ ժամանակներում: Քաղաքը գտնվում էր Տաուլանտիի քաղաքական հաղորդակցության տարածքում և լայնորեն հայտնի էր որպես Իլլիրիայի Ապոլոնիա: Ավանդույթի համաձայն, այն հիմնադրվել է մ.թ.ա. 6-րդ դարի առաջին կեսին Կորֆուից և Կորնթոսից եկած հույն գաղութարարի կողմից `Գիլաքսի գլխավորությամբ, որն իր անունով կոչել է քաղաքը (Գիլակիա): Իր արագ հիմնադրումից հետո քաղաքի անունը փոխվեց Ապոլոնիա՝ի պատիվ հունական դիցաբանության արևի աստված Ապոլոնի: Այն կանգնած է լեռնային սարահարթի վրա, որտեղից սկսվում է Մուսակիայի դաշտը Ադրիատիկ ծովի տեսարանով: Ապոլոնիայի ավերակները հայտնաբերվել են 19-րդ դարի սկզբին: Ժամանակի ընթացքում այն ընդարձակվել է ամբողջ լեռնալանջի վրա՝ ներառելով հարակից տարածքները: Չնայած Ապոլոնիան գտնվում էր Ադրիատիկ ծովից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նրա դիրքը Աոոս գետի աջ ափին (ժամանակակից Վյոսա) հնարավորություն տվեց նրան հաղորդակցվել տարածքի ափամերձ մասի հետ:
Քաղաքը ծաղկում է ապրել մեր թվարկության 4-րդ դարում՝ որպես տնտեսական և առևտրի կարևոր կենտրոն: Քաղաքը գերիշխող երկու բարձունքներում կանգնած են թեմանոսի տարածքը (սուրբ տարածքը Ապոլլոնի տաճարի շուրջ) և Արքսը (ռազմական միջնաբերդ):
Երկու բարձունքների միջև տեղակայված էին անտիկ քաղաքի հասարակական շենքերը, որոնք շարունակեցին վերելքի և շքեղության շրջան ապրել հռոմեական տիրապետության ներքո (մ.թ.ա. 229թ.): Քաղաքի համբավը տարածվել է Հռոմեական կայսրության շատ անհատների շրջանում, իսկ հռոմեացի նշանավոր փիլիսոփա և հռետոր Ցիցերոնը իր Ֆիլիպպիկներում նշել է Ապոլոնիան որպես magna urbs et gravis (մեծ և կարևոր քաղաք):
Այս ժամանակահատվածում քաղաքը դարձել է տրանսբալկանյան Էգնատիա ճանապարհի (Via Egnatia) ամենակարևոր քաղաքներից մեկը, մինչդեռ իր հայտնի ակադեմիայում ուսանել և ռազմական վերապատրաստում է անցել Օկտավիանոս կայսրը՝ Հռոմեական կայսրության ականավոր գեներալ և պետական գործիչ Ագրիպպասի ուղեկցությամբ: Երկարատև տնտեսական և մշակութային շարունակական զարգացումից հետո Ապոլոնիան սկսեց անկում ապրել, իսկ միջնադարյան շրջանում քաղաքը ամբողջովին դատարկվեց: Քաղաքի մշակույթն ու ընդհանուր զարգացումը իր ողջ գոյության ընթացքում պահպանեցին հիմնականում հունական բնույթ:
Այս հնագիտական զբոսայգին իր մեջ է ներառում նաև Հնագիտական թանգարանը որը գտնվում է Սուրբ Մարիամի բյուզանդական շրջանի հին վանքում: