ԱԼԲԱՆԻԱ
Ընդհանուր ինֆորմացիա

Դրոշ: Կենտրոնում երկգլխանի սև արծիվ կարմիր գույնի ֆոնի վրա:
Միջազգային հեռախոսային կոդ: +355
Պետական կարգ: Պառլամենտական համակարգ
Ազգաբնակչություն: 2,886,026 մարդ
Մակերես: 28,748 կմ2
Մայրաքաղաք: Տիրանա
Պետական լեզու: Ալբաներեն
Արժույթ: Ալբանական լեկ
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Ալբանիայի բնակչության թիվը մոտավորապես կազմում է 2.88 միլիոն մարդ: Բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի մետրի համար կազմում է մոտ 113 մարդ: Երկրի բնակչությունն ընդհանուր առմամբ երիտասարդ է և առանձնանում է իր կենսունակությամբ: Ալբանիայի ամենաբնակեցված հատվածներն են մայրաքաղաք Տիրանայի շրջակայքը, Դուրրասի նավահանգիստը և երկրի արևմտյան ցածրադիր վայրերը: Ալբանիան համեմատաբար միատար բնակչություն ունեցող երկիր է, փոքրամասնությունները ներկայացնում են բնակչության մոտ 3 տոկոսը: Ամենամեծը հունական փոքրամասնությունն է՝ կենտրոնացած երկրի հարավային հատվածներում՝ Դրոպուլի, Պոգոնի և Վրուգի նահանգներում: Այլ փոքրամասնությունների թվում են Մակեդոնացիները, որոնք տեղակայված են Մեծ Պրեսպա լճի շրջակայքում, ինչպես նաև մոնտենեգրացիներ, իտալացիներ, և այլոք:

Բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Տիրանայում, Դուրրեսում, Էլբասանում, Շկոդրայում, Վլորայում, Կորչայում և այլուր: Զբոսաշրջային նշանակության այլ քաղաքներից են Բերատը, Ջիրոկաստրան, Սարանդան, Կրույան և Պոգրադեցը:
ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ
Հունվարի 1-2 – Նոր Տարի
Մարտի 14 – Ամառային տոն
Մարտի 22 – Նովրուզ
Մայիսի 1 – Աշխատանքի տոն
Հոկտեմբերի 19 – Մայր Թերեզայի սրբադասման օր
Նոյեմբերի 28 – Անկախության օր
Նոյեմբերի 29 – Ազատագրման օր
Դեկտեմբերի 8 – Երիտասարդության ազգային օր
Դեկտեմբերի 25 – Սուրբ ծնունդ
ԼԵԶՈՒ
Երկրի պաշտոնական լեզուն ալբաներենն է: Այն զբաղեցնում է հնդեվրոպական ընտանիքի եզակի և յուրօրինակ ճյուղ, ինչպես հայերենը: Ալբաներենը սերում է իլլիերեն լեզվից, և այն Եվրոպայում խոսվող ամենահին լեզուներից մեկն է: Ալբաներենի բառարանը պարունակում է այլ լեզուներից՝ պարսկերենից, թուրքերենից, հունարենից, լատիներենից և սլավոնական լեզուներից բառեր, սակայն պահպանել է իր ինքնատիպությունը որպես եզակի լեզու: Ալբաներենը ճանաչված է իր երկու բարբառներով, որոնք են «ղեգ»-ը և «տոսկ»-ը: Շկումբին գետը, որն երկիրը բաժանում է երկու գրեթե հավասար մասերի, այս երկու բարբառների բնական սահմանն է: «Ղեգ»-ը խոսվում է հյուսիսում, իսկ «տոսկ»-ը՝ հարավում: Ալբանական այբուբենը ունի 36 տառ:
ԿԼԻՄԱ
Ալբանիայում միջերկրածովյան կլիմա է, կան բոլոր եղանակները, սակայն շատ մեղմ ու հաճելի: Ըստ տարածաշրջանների կլիման տատանվում է. ափամերձ շրջաններում կենտրոնական միջերկրածովյան կլիմա է՝ մեղմ, թաց ձմեռներով և տաք, չոր ամառներով: Ալպյան գոտիներում կենտրոնական մայրցամաքային կլիմա է՝ ցուրտ, ձնառատ ձմեռներով և բարեխառն ամառներով: Ցածրադիր գոտիներում մեղմ ձմեռներ են, միջինում մոտ 7 ° C, իսկ ամռանը՝ մոտ 24 °C:

Ցածրադիր գոտիներում անձրևները տարեկան տատանվում են 1000մմ-ից մինչև 1500մմ, իսկ հյուսիսում՝ ավելի շատ տեղումներ: Ի տարբերություն հյուսիսային շրջանների` ցածրադիր գոտիներում տեղումներն ավելի սակավ են։ Անձրևների գրեթե 95%-ը տեղում են ձմռանը` հատկապես բարձրլեռնային գոտիներում:

Չնայած տեղատարափ անձրևներին` կլիման ընդհանուր առմամբ բարենպաստ է բացօթյա ակտիվության և զբոսանքների համար: Ալբանիան միջին տարեկան արևային օրերի քանակով Եվրոպայում զիջում է միայն Իսպանիային:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կոմունիզմի անկումից ի վեր, Ալբանիայի տնտեսության զարգացմանը խթանում են հիմնականում գյուղատնտեսության, ծառայությունների և շինարարության ոլորտները, իսկ արդեն վերջին շրջանում տնտեսության մեջ շատ մեծ աճ է գրանցում զբոսաշրջության ոլորտը: Շատերը մեծ հետաքրքրություն ունեն այցելել և ուսումնասիրել մի երկիր, որի սահմանները տարիներ շարունակ փակ են եղել բոլորի համար: Հաշվի առնելով ամառային և զմեռային հանգստավայրերի շարունակական զարգացումը՝ մարդիկ ամբողջ աշխարհից Ալբանիան ներառում են իրենց ճամփորդությունների պարտադիր ցանկում:
ԿՐՈՆ
Ալբանիան աշխարհիկ պետություն է և պետականորեն ընդունված կրոն չունի, սակայն գոյություն ունեն 4 հիմնական կրոնական հավատքներ. սուննի իսլամ, ուղղափառ ու կաթոլիկ քրիստոնեություն և բեկթաշի իսլամ։

Իսլամի հետևորդները հանդիպում են ամբողջ երկրում։ Կաթոլիկները կենտրոնացած են հիմնականում երկրի հյուսիսային մասում, ուղղափառները` հարավում և երկրի կենտրոնում, իսկ սուֆիզմի բեկթաշիական աղանդը հանդիպում է որոշ շրջաններում, ինչպիսիք են Սկրապարը, Կրույան, Էլբասանը, Մատը, Մալակաստրան, Կորչան և այլն։ Կրոնի ազատությունը Ալբանիայի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է։ Հիմնական ընդունված կրոններից բացի, երկրում կան նաև բազմատեսակ աղանդներ, ինչպիսիք են բահան, քրիստոնյա ավետարանականները, Եհովայի վկաները և այլն։ Բացի այդ, կան նաև աթեիստներ և ոչ կրոնավորներ։

1967թ. Ալբանիան դարձավ Եվրոպայում առաջին պետությունը, որտեղ ալգելվեցին բոլոր կրոնական գործողությունները` փակելով եկեղեցիները, մզկիթները, կրոնական դպրոցները և թեքերը։ Մոտ 23 տարի Ալբանիան միակ աթեիստ երկիրն էր աշխարհում։ 1990թ. ժողովրդավարական շարժումից հետո, վերականգնվեց դավանանքի ազատությունը, վերակառուցվեցին եկեղեցիներն ու մզկիթները, ինչպես նաև բազմաթիվ այլ կրոնական շենքեր: Ալբանիան ունի մի քանի կրոնական ուխտագնացության վայրեր։ Ամենակարևորներից են Շնա Նուեսը (Սբ. Էնթոնի) Լակ եկեղեցում հունիսի 13-ին, Աբաս Ալիի ուխտագնացությունը օգոստոսի 19-ին Թոմոր լեռան վրա, Սուրբ Մարիամի պատվին օգոստոսի 15-ին երկրի որոշ եկեղեցիներում, և ուխտագնացությունը Սարի Սալթիկի պատվին` Կրույայում և այլն
Ստորև նշված են այն պետական տոները, որոնք ամեն տարի չեն լինում նույն օրը.
  • Կաթոլիկ զատիկ. Մարտ/ապրիլ
  • Ուղղափառ զատիկ. Մարտ/ապրիլ/մայիս
  • Մեծ Բայրամ. Ռամադանի վերջ
  • Փոքր Բայրամ. Տարբեր
© 2021. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. VISA CONCORD